-Տիկին Մայրանուշ, պատմեք, խնդրեմ, դերասանի մասնագիտությունը ռադիոյի խմբագրի, հաղորդավարի աշխատանքի հետ համատեղելու առավելությունների կամ խնդիրների մասին:
-Նախ, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերի համար, զգացված եմ, որ ինձ չեք մոռանում: Ես դերասանուհի եմ: Իսկ ռադիոբեմադրության մեջ իմ դերասանական ունակությունները միմիայն օգնում են ինձ: Ես խորհրդային տարիներին աշխատել եմ Հեռուստաթատրոնում: Զուգահեռ նաև այլ գործերով եմ զբաղվել. Խնկո Ապոր անվան գրադարանում հեքիաթներ եմ կարդացել հեքիաթի սրահում, 870 ֆիլմի կրկնօրինակման և ձայնադրման (տոնիրովկայի) աշխատանքների եմ մասնակցել: Հեռուստաթատրոնը ինչ-ինչ պատճառներով փակվեց, և ես սկսեցի հեռուստատեսությունում վարել սպորտային հաղորդումներ: Հեռուստաթատրոնում հրավիրվում էին լավագույն դերասանները: Եվ ես ճանաչում էի նրանց բոլորի ձայները: Հիմա դա ինձ օգնում է Հանրային ռադիոյի իմ աշխատանքում, որը տեխնիկական է: Ես ձայներով որոշում եմ, թե որ դերը որ դերասանն է կատարել ռադիոթատրոնում, և դրանով հարստացնում եմ մեր ունեցած ռադիոբեմադրությունների անձնագրերը: Մեկ այլ նորարարություն էլ եմ մտցրել իմ աշխատանքում: Մեր մեծերի հոբելյանական տարեթվերին, ծննդյան օրերին եմ անդրադառնում համապատասխան օրերին և եթեր հեռարձակում այդ իրադարձություններին առնչվող ռադիոբեմադրություններ: Շուրջ 800 ռադիոբեմադրություն կա ռադիոյի ֆոնդում, ես ընտրություն եմ կատարում այդ ֆոնդից: Սա վերաբերում է ոչ միայն հայ, այլև օտարազգի նշանավոր մարդկանց: Այս ամենին շատ է օգնում դերասանի մասնագիտությունը:
-Աշխատանք հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում, «Հայֆիլմում»: Բայց Դուք չեք դարձել թատերական բեմի դերասան: Ինչո՞ւ:
-Իմ անձնական կյանքն է այդպես դասավորվել: Ամուսին, երեխաներ, ընտանեկան հարցեր: Ամուսինս էր այդպես որոշել, որ ես չպետք է աշխատեմ բեմում: Գուցե դա էր իմ ճակատագիրը՝ ես պետք է լինեի կինոյի, էկրանի դերասանուհի: Գաղտնիք բացեմ. ես մի լուրջ թերություն ունեմ՝ խեղճանում եմ հիշողությունից: Թատրոնում ներկայացումն սկսվում է, և դերասանը դերը սկզբից մինչև վերջ պիտի հիշի ու խաղա: Իսկ ինձ համար դա անհաղթահարելի կլիներ:
-Բայց չէ՞ որ կան հուշարարաներ:
-Հիմա այդպիսի բան չկա, դա առաջ էր: Դերասանը, տեքստը մոռանալու դեպքում, պիտի իմպրովիզներ անի և իրադրությունից ինչ-որ կերպ դուրս գա: Իսկ հեռուսաթատրոնում աշխատում էինք առանձին հատվածներով: Մի հատվածը նկարվեց, վերջացավ, անցնում էինք մյուսին: Այդպես է նաև գեղարվեստական ֆիլմերում:
-Դերասանի վարպետության ցուցիչ է նկարահանման հրապարակում ունեցած «դուբլերի» քանակը: Քանի՞ «դուբլով» եք նկարահանվել սովորաբար:
-«Դուբլերի» քանակությունը միայն դերասանից չի կախված: Լույսը, ձայնը, կողմնակի աղմուկը, օպերատորի սխալը և այլն, և այլն: Այս ամենը պատճառ են դառնում, որ «դուբլը» կրկնվի: Իսկ մենք՝ դերասաններս, մեր մաշկի վրա զգացել ենք, որ զգացմունքային, անկեղծ, հաջողված խաղը լինում է առաջին երկու, ամենաշատը՝ երրորդ «դուբլի» ժամանակ: Բայց երբ կողմնակի խոտանների պատճառով լինում են չորրորդ, հինգերորդ, վեցերորդ «դուբլերը», մենք արդեն բարկանում ենք, հոգնում, և դերն էլ այնպես չենք խաղում:
-Ստացվում է՝ հանդիսատեսը, որպես կանոն, չի՞ տեսնում դերասանի առավելագույն հնարավորության դրսևորումը կինոէկրանին:
-Հավատացեք, դերասանի լավագույն խաղը սկզբում է լինում, որը, այո՛, չի մնում կինոժապավենի վրա: Հինգ «դուբլ» նկարելուց հետո ինձնից պահանջում են նորից լաց լինել: Ես այլևս ի վիճակի չեմ, ու պահանջում եմ, որ աչքերիս ինչ-որ բան քսեն, որ լացի տպավորություն ստեղծվի: Եվ գիտե՞ք՝ ինչն է ցավալի. միայն դրսից եկած մարդիկ են գնահատում մեր չարչարանքը, մեր նվիրվածությունը, մեր վարպետության աստիճանը: Շատ դժգոհ եմ մեր աշխատանքի հանդեպ վերաբերմունքից, դերասանների աշխատավարձից: Երանի տեսնեմ այն ժամանակները, երբ ոչ միայն դերասանները, այլև բոլոր արվեստագետները կլինեն պատշաճ գնահատված: Երանի՜ այդ ժամանակները շուտ գային: Միայն դրսից է թվում, թե դերասանի, արվեստագետի աշխատանքը ծափ-ծիծաղ է, երգ ու պար, ուրախություն: Այդպես չէ՛: Դա մակերեսային կարծիք է:
-Ես կասեի՝ տգետ կարծիք:
-Մենք հարգանքի կարիք ունենք: Մենք պիտի կարողանանք տրամադրվել, լավ աշխատել: Այսօր ամեն ինչ արագ-արագ ենք անում, որովհետև նկարահանման համար վարձակալած տարածքը փող արժի, պիտի բոլոր դերասաններին հասցնեն նկարել, պիտի կինո, ֆոտո փորձերը հապճեպ իրականացնեն: Իսկ դերասանը կադրում է, նա է ֆիլմի դեմքը. այդ վազքի մեջ որակ ես կորցնում:
-Դա 21-րդ դարի ռիթմն է և բիզնես պահանջը: Դերասանը հայտնվել է արվեստի և բիզնեսի բախման կիզակետում: Ինչպե՞ս գտնել հաշտության եզրեր:
-Մենք վատ ենք խոսում խորհրդային տարիների մասին: Հեղափոխություն արեցինք, հրաժարվեցինք այդ տարիներից, հիմա էլ նոր հեղափոխություն արեցինք: Բայց դերասանի կյանքում ի՞նչ փոխվեց: Խորհրդային տարիներին ամեն դերասան ուներ իր դրույքը: Մեծ գումարներ էինք ստանում: Կինեմատոգրաֆիստների միություն կար, գործող օրենքներ կային: Ինձ հրավիրում էին նկարահանվելու, ես իմ պատշաճ գումարն ստանում էի: Նույնն էր և կինոստուդիայի ձայնագրությունների ժամանակ: Հիմա երկու տարվա փորձ ունեցող նորելուկ դերասանը մեր տարիքի դերասանների համեմատությամբ երկու-երեք անգամ ավելի է վարձատրվում: Նրանք, մեր կողքին նկարահանվելով, մեզ հետ աշխատելով, պիտի սովորեն ինչպես պահել իրենց էկրանից դուրս և էկրանին, այնինչ մենք ենք անհասկանալի վիճակում, եթե դատելու լինենք վարձատրության չափերով:
-Ասեմ, որ այդ հակասությունը կա բոլոր ոլորտներում: Այսօրվա երիտասարդների աշխատանքը ավագների փորձառությունից ավելի բարձր է գնահատվում: Ինչո՞ւ:
-Ինձ համար դա հանելուկ է: Ես չեմ ընդունում, ցավում եմ, բողոքում եմ դրա դեմ: Գուցե որոշ ռեժիսորներ, պրոդյուսերներ չհամաձայնեն իմ մոտեցմանը, բայց դա անհասկանալի բան է: Կա ևս մի խնդիր մեր աշխատանքում: Տարբեր մոտեցում պիտի լինի նաև նկարահանումների պայմանների հետ կապված: Իմ տարիքի դերասանների համար դժվար է նկարահանվել ձմռանը: Բայց ինձ հենց այդ ժամանակ են հիշում: Ցուրտ, դաժան եղանակին վճարում են այնպես, ինչպես տաք, նորմալ պայմաններում արված նկարահանումների ժամանակ: Ես շատ դժգոհ եմ: Իսկ խորհրդային տարիներին դա էլ էին հաշվի առնում. կապված նկարահանման պայմանների, դերի բարդության հետ՝ փոխվում էր վճարման չափը: 1988-ից հետո մեր կյանքը շատ դժվարացավ: Սա է իրականությունը:
-Ձեր սերնդի մարդիկ կամա-ակամա նոստալգիկ զգացողություններ են ունենում խորհրդային տարիների հետ կապված:
-Համեմատություններ ենք անում: ՈՒզես, թե չուզես՝ համեմատում ես: Եվ ամենամեծ երջանկությունն այն էր, որ մեզ գնահատում, մեծարում, սիրում էին այդ տարիներին: Հիմա արհամարհական արտահայտություն է՝ դերասանություն մի՛ արա: Այն ժամանակ, եթե թատերական էիր ավարտում, անպայման դառնում էիր դերասան, իսկ հիմա շատերն են ընդունվում, ավարտում, բայց քչերն են դառնում դերասան:
-Հիմա հեշտությամբ են ընդունվում թատերական, չկա նախկին խիստ մրցույթը:
-Մեր ժամանակ ոչ միայն ինստիտուտ, այլև թատրոններում աշխատանքի ընդունվելն էր չափազանց դժվար: Լավագույններն էին մտնում թատրոն, և տեսնում էիր, որ գերպրոֆեսիոնալ մարդ է բեմում: Դրա շնորհիվ էլ դահլիճն էր լցվում, մարդիկ գալիս էին սիրած դերասաններին տեսնելու բեմում: Հիմա, որպեսզի ծախսերը կրճատեն, փողոցից պատահական մարդկանց, բարեկամին, հարևանին բերում-նկարում են: Դա որակ կունենա՞:
-Կինոյի, թատրոնի դահլիճները կիսադատարկ են՝ պայմանավորված ներկայացումների, դրանցում զբաղված մարդկա՞նց ցածր որակով, թե՞ հանդիսատեսի:
-Սոցիալական պայմաններով է պայմանավորված: Աղքատ երկրում չես կարող մարդուց ակնկալել, որ նա տոմս գնի և գնա թատրոն, օպերա, սիմֆոնիկ համերգի: Նաև տրամադրությամբ է պայմանավորված. մարդը պիտի կենցաղային խնդիրներ չունենա, պիտի երեխան կուշտ լինի, հագնված լինի, ուսման վարձը վճարված լինի, տատիկ-պապիկների դեղերն ապահովված լինեն, կոմունալ վարձերը վճարված լինեն, որպեսզի մարդը տրամադրություն ունենա մշակույթի օջախ այցելելու: Սրանք մանրուքներ չեն: Հիմա էլ են լցվում դահլիճները, իհարկե: Առաքիչները լավ աշխատում են, լցնում են դահլիճները դպրոցների, հիմնարկությունների հաշվին: Բայց առաջվա հանդիսատեսը չէ դահլիճներում: Եվ մենք հիմա էլ շատ տաղանդավոր դերասաններ ունենք: Նրանց պատճառով չէ, որ փոխվել է դահլիճի պատկերը:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ